«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի աշխատակից, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Ս. Հայրապետյանի հեղինակությամբ լույս է տեսել «Կիրառական Բարձրարդյունավետ Հեղուկային Քրոմատագրաֆիա» ձեռնարկը, որը ԲԱՀՔ-ին վերաբերվող 1-ին հայալեզու գիրքն է:
Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիան, նրա հետ առնչվող տեխնիկական միջոցները վերջին տարիներին դարձել են գերակշռող անալիտիկական եղանակներ ոˊչ միայն դեղագործության, քիմիական, սննդի արդյունաբերության և բնապահպանական լաբորատորիաներում, այլև թերապևտիկ դեղամիջոցների մոնիտորինգում: ԲԱՀՔ-ը կիրառվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ իրականացնելով հումքի, կիսաֆաբրիկատների և վերջնական նյութերի որակի վերահսկումը:
Հեղինակը գրքին տվել է ավելի շատ կիրառական բնույթ, ինչը հնարավորություն կտա գործնականում լուծելու ԲԱՀՔ-ում առավել հաճախ հանդիպող խնդիրները, հնարավոր անսարքությունները՝ տեղում տալով հստակ լուծումներ: Քրոմատագրաֆիայի հիմունքներին և տեսական հարցերին վերաբերող հարցերը պարզաբանված են մատչելի, չկան բարդ ֆորմուլաներ և հարցերի խիստ տեսական քննարկումներ: Գիրքը ներառում է նաև մասնագիտական տերմինաբանական բառարան, որը կարող է հետագայում հիմք հանդիսանալ ավելի ընդգրկուն քրոմատագրաֆիական բառարանի ստեղծման համար:
Գիրքը կարող է գործունեության կարևոր ուղեցույց դառնալ ինչպես «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի, այնպես էլ անալիտիկական աշխատանքներ իրականացնող լաբորատորիաների, քրոմատագրաֆիայիով հետաքրքրվող և զբաղվող մասնագետների, ԲՈՒՀ-երի և շահագրգիռ այլ կազմակերպությունների համար:
Ինչպես գրքի տպագրությունը, այնպես էլ շնորհանդեսի կազմակերպումը տեղի ունեցավ «Տոնուս-Լես» ընկերության հովանավորությամբ:
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ Բնապահպանության, Գյուղատնտեսության, Տնտեսական Զարգացման և Ներդրումների նախարարություններից, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ -ից, ազգային և միջազգային կազմակերպություններից, դեղագործական ընկերություններից, ԲՈՒՀ-ից ներկայացուցիչներ, նաև ոլորտի մասնագետներ և ուսանողներ: Գրքի շնորհանդեսի մասին, գրեց նաև մամուլը: